Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ

ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԵՐԻ ՏԱԿ
05.11.2010 | 00:00

Սերգեյ ՖՈՒԴԵԼ

Սրանք և՛ հուշեր են, և՛ մտորումներ։ Կյանքը որոշակիորեն ավարտվում է, իսկ հոգում դեռ այնքան չարտահայտված բան կա։ Մտաբերեցի այս խոսքերը.
Շղթաներն ենք կրում մեր մարմնի վրա
Մեր կյանքի անզեղջ օրերի համար։
Բոլորովին ուժ չկա ինչ-որ ամբողջական ու մեծ բանի համար, և այդ պատճառով որոշեցի պարզապես գրի առնել այն, ինչը, հուսով եմ, կարող է ինչ-որ մեկին պետք գալ։


Անանց կյանքի բոլորովին յուրահատուկ զգացում է ապրում մարդը, երբ հասկանում է, որ կանգնած է Եկեղեցու` իրական սրբության կողքին։ Դա երկար չի տևում, և մարդն այդ պահերին դեռ հաստատ չգիտի` ինքն արդյոք գտնվո՞ւմ է այդ սրբության մեջ, այսինքն` սուրբ Եկեղեցում, սակայն երանելի ինչ-որ պահի զգում է, որ կանգնած է նրա անարատ պատերի կողքին։ Քանզի մեր գոյությունը Եկեղեցում մեր իրավունքը չէ, այլ միշտ` հրաշք և անսպասելի ուրախություն։

Եկեղեցին մենակության հաղթահարման գաղտնիքն է։ Այդ հաղթահարումը պետք է զգացվի բոլորովին շոշափելի, այնպես որ, երբ դու կանգնած ես տաճարում, այդ ժամանակ նոր միայն մոտենում ես Աստծո Եկեղեցու պատերին, երբ սիրո շողքը երկչոտությամբ, բայց և հստակ սկսում է հալել մենակության սառույցը, և դու արդեն չես նկատում այն, ինչը հենց նոր կանգնեցրել էր քո շուրջը մտածմունքներիդ փշալարը` քահանայի անհավատության, «կանոնագրային պառավների» չարության, պատահաբար ներս մտած տղերքի վայրենի հետաքրքրության կամ էլ մոմավաճառի առևտրական ճչոցների մասին։ Այդ ամենի միջով դու գնում ես դեպի մարդկանց կույր հոգիները, մոտենում այն մարդուն, ով գուցե և մի քանի րոպե հետո քեզնից ավելի լավ, ավելի հստակ կլսի ձայնը Մարդու և ԱՍՏԾՈ` Հիսուս Քրիստոսի։

Եկեղեցին զգալը որպես համամարդկային իրողության տրվում է երբեմն բոլորովին անսպասելի։
Գնում եմ մետրոյով, կանգնած եմ ու տեսնում եմ` նստած կինը գրկած պահում է երկու տարեկան աղջկան, իսկ նա մորից աննկատ, նրա մեջքի հետևից ձգում է պստլիկ թաթիկը դեպի արգելակային լծակը, քիչ է մնում հասնի։ ՈՒ մեկ էլ նկատեցի, որ ինձ հետ այդ ամենին հետևում է և իմ հարևանը, դեռ երիտասարդ, լավ հագնված սովորական մոսկովցի։ Մեր հայացքները հանդիպեցին, ու հանկարծ երկուսս էլ ուրախ ժպտացինք. մեզ համակեց համամարդկային անապական գանձի միահամուռ զգացումը, որը թաքնված էր այդ թաթիկի մեջ։ Լծակից այն կողմ ինչ-որ օտար զորություններ էին, «չարն ու բարին» ճանաչելու ինչ-որ սառնություն, իսկը այստեղ` ջերմություն և մանկական հոգու անըմբռնելի, ինքն իրեն չգիտակցող, անմեղ իշխանությունը։ Մենք այդ մարդու հետ ժպտացինք իրար ոչ որպես օտարներ, այլ ինչպես մարդիկ, ովքեր մի պահ գտան միասնականություն և ջերմություն։
Իսկ դա էլ հենց Եկեղեցին է։

Աղոթել առանց սրբանկարների դժվար է։ Սրբանկարը հավաքում է իր մեջ աղոթքի ուշադրությունը, ինչպես ոսպնյակը հավաքում է ցրված շողերը մի այրող խայտի մեջ։ Սրբանկարը, սովորեցնում էին Հայրերը, Քրիստոսի մարդկային մարմնի իրողության հաստատումն է, և ով մերժում է սրբանկարը, նա չի հավատում Աստծու մարմնավորման իրողությանը, այսինքն` Աստվածամարդու մարդկային բնությանը։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ ահա ինչ զգացումներ են արթնանում այժմեականության մեջ։ Ես գիշերում էի Մոսկվայի նոր շրջանում։ Այլանդակորեն ահռելի պատուհանից բացվում էր անծայրածիր նորակառույցների դժգույն տեսարանը։ Սենյակում չկային սրբանկարներ, բայց շատ էի ուզում աղոթել։ Ես մոտեցա պատուհանին։ Ավելի լավ է, մտածում եմ, ուղիղ նայել այդ անմարդկային բնապատկերի աչքերի մեջ, քան քո խղճուկ անկյունում պատրանքներ ստեղծել, կարծես ոչինչ չի պատահել։ Եվ հանկարծ զգացի, որ աղոթում եմ հեշտ և պարզ, ասես, իրոք, ոչինչ էլ չի պատահել։ Ես աղոթում էի երկնքին, և նա այնքան մոտ էր, ու ինձ համակեց երկնային հայրենիքի զգացումը, և որ ինձ շրջապատող տարածությունները սարսափելի չեն, և հետո ազատության հզոր զգացողությունը, այն ազատության, որը կարող է լինել միայն քրիստոնեության մեջ։

Մարդու սրբությունը նրա` Աստծո շնորհիվ լցվածությունն է։ Մենք վատ ենք հասկանում, թե ինչ է նշանակում շնորհիվ լցվել, ու այդ պատճառով չկա այսօվա եկեղեցականության մեջ ավելի հեռավոր ու առեղծվածային հասկացություն, քան սրբության հասկացությունը։ Ռեալ, այսինքն` ոչ սիմվոլիկ, սրբությունը վաղուց արդեն փոխարինվում է Եկեղեցում նրա բառային նշաններով` տիտղոսներով։ Դա պատմության մեջ քրիստոնեության աղքատացման հատկանիշներից մեկն է. Եկեղեցին հիվանդ է և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում աշխարհիկ դառնալու, սրբապղծվելու ծանր ու վաղեմի հիվանդությամբ։ ՈՒ միևնույն ժամանակ մենք գիտենք, որ, չնայած այդ հիվանդությանը, Եկեղեցին ապրում է որպես սրբություն։ Նրա սրբությունը ոչ միայն խորհուրդների սրբության մեջ է, այլև նրա իրական սրբության, կարող է պատահել` աշխարհի համար անհայտ սրբակյացների և պարզ սրտերի ջերմ հավատի մեջ։ Հայր Նիկոլայ Գոլուբցովը համառորեն կրկնում էր. «Գրանցե՛ք այն ամենը, ինչ գիտեք ժամանակակից սրբերի մասին»։

Մի կին որոշում է իր կյանքին վերջ տալ, ու, երբ այդ նպատակով գնում է անտառ, տեսնում է կոճղի վրա նստած ծերունուն։ «Վա՜տ բան ես մտքիդ դրել»,- ասաց նա, երբ կինն անցնում էր կողքով։ Սաստիկ զարմացած, կինը սկսում է զրուցել ծերունու հետ, ասես մոռանալով, թե ինչ նպատակով է եկել այստեղ։ Եվ նրանց խոսակցությունն ավարտվում է նրանով, որ ծերունին ասում է. «Կգնա՛ս եկեղեցի` հայր Ալեքսի Մեչյովի մոտ և կասես, որ քեզ իր մոտ է ուղարկել ողորմելի Սերաֆիմը»։
Հայր Ալեքսի Մեչյովին ես առաջին անգամ տեսա, կարծես, 18 թվի սկզբին։ Դա մոսկովյան քահանաների բազմամարդ ժողովում էր, որոնք, ինչպես ինձ թվում էր, կատարելապես նման էին իրար։ ՈՒ հանկարծ ես միանգամից հարցրի հորս. «Իսկ այն ո՞վ է»։ Ես տեսա նրա փոքրիկ մարմինը, արագ քայլվածքն ու այնքան խնդուն և ամենատես աչքերը։ «Նա հիանալի՛ քահանա է, նա մեր հոգևոր հայրն է»,- պատասխանեց ինձ հայրս։

Հայր Սերգի ՈՒսպենսկին պատմում էր ինձ 1934-1935 թթ. Վոլոգդայում իր ամուսնության ճգնավորական ժամանակաշրջանի մասին որպես նրա ամբողջական ծաղկման և ավարտման շրջանի։ Ամուսնական ինքնազսպման հողի վրա նրա և կնոջ միջև բացվում է բարեկամության զարմանալի իրողություն։ Քրիստոնեական առաջին դարերում այդպիսի ամուսնությունները հաճախակի էին, բայց նրանք չէին վերանում նաև եկեղեցու արտաքին բարօրության և ներքին աղքատացման դարաշրջանում։ 19-րդ դարի 30-ական թվերին դրանց մասին, որպես Ռուսաստանում գոյություն ունեցող, խոսում է իր նամակներում ճգնավոր Գեորգին (Զադոնսկի), որը եղել է շատ աղջիկների ու կանանց հոգևոր ղեկավարը։ Գոյություն ունե՞ն արդյոք այդպիսի ամուսնություններ մեր օրերում։ Հայր Սերաֆիմն ասում էր, որ այդ մեծ սխրանքին կարելի է գնալ միայն սուրբ ճգնավորի, այսինքն, ճշմարտացի հոգևոր ղեկավարի հատուկ օրհնությամբ։
Վորոնեժի մերձակայքում վերջերս մահացավ կույր միանձնուհի Սմարագդան։ Նա, գիտեմ, ամեն օր կատարում էր Հիսուսի մի քանի հազար աղոթք։ Սակայն ոչ դրա և ոչ էլ նրա խորաթափանցության մասին եմ ուզում պատմել։ Փոքրիկ քաղաքում, որտեղ ապրում էր Սմարագդան, մի աղքատ կար, երիտասարդ անառակ մի կին, որը մուրացկանությամբ էր զբաղվում։ Սմարագդան, որն ապրում էր ոչ մեծ խցում մի միանձնուհու հետ, պատսպարել էր այդ կնոջն իր մոտ։ Նա ապրեց նրանց մոտ մի երկու տարի և, թողնելով նրանց ոջիլներ ու անկարգություն, հեռացավ։ Որոշ ժամանակ անց միանձնուհիները հրապարակում տեսնում են, որ անառակը, ըստ երևույթին անտուն և անփող, նստած է գետնի վրա` նոր ծնված երեխան գրկին։ Եվ ահա Սմարագդան, երևի հոգոց հանելով սեփական խցի լռության և մաքրության մասին, ասում է մյուս միանձնուհուն. «Դաշկա, մի՞թե մենք քրիստոնյա չենք։ Ախր նորից պետք է նրան հետ բերել»։ ՈՒ նրան տուն տարան, իհարկե, երեխայի հետ։
Գուցե որևէ մեկը հարցնի` ինչի՞ համար է ճգնարանը։ Սերը մարդկանց նկատմամբ չի ժխտում անապատը, և թերևս յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է գոնե մի փոքրիկ անապատ սիրո ամրապնդման համար։ «Անապատն ականջ է դնում Աստծուն,- ասել է բանաստեղծը,- և աստղն աստղի հետ է զրուցում»։ Պատերազմի սկզբին մեզ մոտ էր ապրում հայր Վլադիմիր Կրիվոլուցկին։ Ամբողջ օրը նա մարդկանց մեջ էր, մեր շուրջը` հաշտեցնում էր, վիճում, ուրախանում, սարսափում։ Եվ միայն քնելիս ձեռքն էր վերցնում վարդարանը (տերողորմյա) և վերմակով ծածկում գլուխը։ Հավանաբար, նա էլ էր վերջապես հեռանում «ներքին անապատը»։ Անապատում տեսանելի է հավերժությունը, իսկ եպիսկոպոս Իգնատին ասում էր, որ մեզ անհրաժեշտ է «ուշադրությամբ զննել հավերժությունը» մինչև մենք մուտք կգործենք նրա անծայրածիր տարածությունները։

Մի բարեպաշտ գյուղացի կին մահանալիս անընդհատ խնդրում է աղջկան գնալ քահանայի հետևից, որպեսզի հաղորդվի։ Սակայն եկեղեցին շատ հեռու էր, իսկ դրսում` խստաշունչ ձմեռ, ու նրա դուստրը չէր գնում։ Եվ ահա մի օր ուշ գիշերին մեռնող պառավը ասում է թոռնիկին. «Ջուր տուր»։ ՈՒ երբ վեց տարեկան թոռնիկը ջուր տվեց, երգեցողություն լսվեց. «Մարմինը Քրիստոսի ընդունե՛ք»։
Հայր Սերաֆիմ Բիտյուգովն ասում էր. «Եթե հնարավոր չէ որևէ տեղ հաղորդություն ընդունել, և դուք զգում եք դրա անհետաձգելիությունը, կարդացեք «կանոնը», որը կատարվում է հաղորդություն ստանալուց առաջ, ու դրանից հետո տրվեք Աստծո կամքին և բարեհայեցողությանը»։

1923 թվականին առաջին շոգենավերով միաժամանակ աքսորավայր բերվեցին շատ եպիսկոպոսներ։ Նրանցից մեկի հետ կամավոր եկել էին նրա խցակյաց վանականը և մի 20 տարեկան պատանի, որը միանգամից գրավեց մեր ուշադրությունը։ Նա կրում էր լռելու սխրանքը` ոչ մեկի հետ երբեք ոչ մի բանի մասին չէր խոսում, իսկ եթե դա անհրաժեշտ էր, բացատրվում էր նշաններով։ Նա այդ եպիսկոպոսի հոգևոր զավակն էր ու նոր էր ավարտել միջնակարգ դպրոցը։ Ես հիշում եմ նրա լավ ու խնդուն աչքերը, որոնք հիշեցնում էին հայր Ալեքսի Մեչյովի աչքերը։ Ման էր գալիս ոտաբոբիկ, երկար քաթանե վերնաշապիկով, առանց գոտու։ Մի անգամ նա գիշերեց ինձ մոտ։ Ես անընդհատ սպասում էի, որ ահա երեկոյան նա կկանգնի երկար աղոթքի, շխկշխկացնելով ճգնավորական շղթաները, իսկ նա դրա փոխարեն նշան անելով ինչ-որ բան հարցրեց ինձ, ժպտաց, խաչակնքեց ու պառկեց։ Հաջորդ օրն էլ նա ինձ զարմացրեց։ Նա նստած էր սնդուկի վրա և ես, իմանալով, որ նա պետք է նստի այդտեղ, նախօրոք դրել էի մի կույտ գիրք սրբերի մասին։ «Ահա,- մտածում էի հիմարաբար,- նա կուրախանա»։ Իսկ նա բաց արեց գիրքը, սկսեց կարդալ, բայց միանգամից փակեց ու էլ ձեռք չտվեց։
Մենք խոսում, գրում, կարդում ենք սխրանքի մասին, իսկ ճգնավորները լռում են և կատարում այն։

Մետրոն Մոսկվայում սկսեցին կառուցել 30-ական թվերին։ 1936-ին հայր Միխայիլ Շիկն ասաց ինձ. «Աղոթեք ամենուրեք։ Ինչպիսի ուրախություն կլինի, երբ դուք, օրինակ, մետրոյում կզգաք, որ «երկինքը բաց է», որ չկա արգելք աղոթքի համար»։ Այդ խոսքերից կարելի է եզրակացնել, որ արդեն այդ ժամանակ մոսկովյան մետրոն սրբագործված էր հայր Միխայիլի աղոթքով։ Կարծեմ, հենց այդ 1936-ին նա սպանվեց։ Աղոթքի մասին նրա զրույցներից էլի հիշում եմ, ինչպես էր նա ասում. «Պետք չէ մտածել, որ անդադրում աղոթքի համար պիտանի է միայն Հիսուսի աղոթքը։ Պողոս առաքյալն ասաց. «Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցեք հոգով»։ Նույնը սովորեցնում էր Ֆեոֆան Զատվորնիկը (ճգնավորը)։ Վալաամում վանահայր Սպիրիդոնը սովորեցնում էր ճամբարում այսպես ձևափոխել Հիսուսի աղոթքը մեր ժամանակների համար. «Հիսուս Քրիստոս, Որդին Աստծո, Աստվածածնով ողորմի՛ր մեզ»։ Մեզ` կործանվողներիս։ 30-ականներին մեռավ ինձ ծանոթ մի աշխարհիկ ճգնավոր, մեծ տառապանքի և հեզության տեր մի կին։ ՈՒ երբ նա արդեն հեռանում էր այս աշխարհից, նրա գլխավերևում պարզ դրոշմվեց լուսավոր մի շրջան։ Այդ ճգնավոր կնոջ վրա վերջին արարողությունը կատարեց մի ուրիշ ճգնավոր` հայր Միխայիլ Շիկը։

20-ական թվականներին մի մերձմոսկովյան տաճարում ավարտվում էր պատարագը։ Ամեն ինչ ընթանում էր սովորական ձևով, և քահանան կատարեց վերջին օրհնանքը։ Դրանից հետո նա դուրս եկավ բեմ և սկսեց հանել զգեստները։ Խորհրդավոր լռության մեջ նա ասաց. «20 տարի ես ստել եմ ձեզ ու հիմա հանում եմ այս զգեստները»։ Ժողովուրդը սկսեց ճչալ, աղմկել, լացել։ Մարդիկ ցնցված էին ու վիրավորված։ «Իսկ ինչի՞ էր պետք ծառայել այսօր»։ Անհայտ է, թե դա ինչով կարող էր ավարտվել, եթե բեմ չբարձրանար ինչ-որ պատանի և չհայտարարեր. «Ինչո՞ւ եք հուզվում և լաց լինում։ Չէ՞ որ միշտ էլ այդպես է եղել։ Հիշեք, որ դեռ խորհրդավոր ընթրիքին նստած էր դավաճան Հուդան»։ Եվ այդ խոսքերը, որոնք հիշեցրին բոլորին պատմության մեջ գոյություն ունեցող եկեղեցու մութ նմանակի մասին, կարծես հանգստացրին շատերին կամ ինչ-որ բան բացատրեցին։ Եվ Հուդան էլ, ներկա լինելով այդ խորհրդավոր ընթրիքին, չխախտեց խորհուրդը։ Այդ խոսքերը շատ բան են բացատրում, սակայն նրանք չեն ազատում մեզ ո՛չ վշտից, ո՛չ վախից։ Կարելի էր բերել հոգևորականների միջավայրում տիրող համատարած ահավոր փաստեր` կամ բացահայտ մեղքի, կամ անհավատության, կամ անտարբերության և ձևամոլության և այլն։ Հովհաննես Ոսկեբերանը չէր վախենում իր եկեղեցու հոգևոր հիվանդության մասին խոսելուց։ Իոան Կրոնշտադսկին ասում էր. «Չճանաչելով սպանող ոգուն, չես ճանաչի և Կենարար Ոգուն։ Միայն բարու և չարի, կյանքի և մահվան ուղիղ հակադրության պատճառով մենք պարզ ճանաչում ենք և՛ այս, և՛ մյուսը»։ Իսկ եկեղեցու համար հիմա այնպիսի ժամանակ է, երբ հատկապես կարևոր է, որ քրիստոնյաների տեսողությունը լինի հստակ, որ նրանք կարողանան ճանաչել «և՛ այս, և՛ մյուսը»։

Հայր Վալենտին Սվենցիցկին, մի կողմից, սովորական գյուղական քահանա էր, իսկ մյուս կողմից` անդադրում աղոթքի փորձառու ուսուցիչ։ Ապշեցուցիչ է, որ դեռ 1925 թվականին Մոսկվայի կենտրոնում այդ մարդն անընդհատ քարոզում էր բազմաթիվ տաճարներում, որ անհրաժեշտ է անդադրում աղոթել։ Նա ասում էր. «Աղոթքը պատեր կկանգնեցնի ձեր վանքի շուրջը»։ Հենց ինքն էլ կարճ բանաձևով բարդագույն խնդրի լուծում առաջարկեց ներքին եկեղեցական չարիքի վերաբերյալ։ «Ամեն մի մեղք եկեղեցում,- ասում էր նա,- մեղքն է ոչ թե եկեղեցու, այլ ուղղված է եկեղեցու դեմ»։ Այստեղից հասկանալի է դառնում, որ եկեղեցական պառակտումը բարոյականության անկման պատճառներով, եթե չխոսենք այլ շարժառիթների մասին, նախ և առաջ կրոնական հիմարություն է, անհասկացողություն։ Ամեն մի աղավաղված, անմաքուր, սխալ բան, ինչը մենք տեսնում ենք եկեղեցու ցանկապատից ներս, եկեղեցի չէ, ու որպեսզի չշփվես այդ ամենի հետ, բնավ պետք չէ դուրս գալ ցանկապատից, հարկավոր է միայն չմասնակցել այդ չարիքին։ ՈՒ այդ ժամանակ կկատարվեն հետևյալ խոսքերը. «Մաքուրի համար ամեն ինչ մաքուր է»։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ